• ՔՀԿ-ների դաշտի քարտեզագրում

    Հարգելի՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ,
    «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց շրջանակներում իրականացվում է ՔՀԿ-ների դաշտի քարտեզագրում: Հատուկ այս հետազոտության իրականացման նպատակով, մասնավորապես, նախագծվել է հարցաթերթ՝ ուղղված ՔՀԿ-ներին, որը կառաջարկենք ներբեռնել հետևյալ հղումով, այնուհետև լրացնել և հետ ուղարկել info@armla.am էլ. փոստի հասցեով մինչև ս/թ մարտի 15-ը՝ «subject» տողում նշելով «ՔՀԿ-ների քարտեզագրում» արտահայտությունը:
    Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում ընտրված ՔՀԿ-ները հետագայում հնարավորություն կստանան՝ բուհում անցնելու մասնագիտական ուսուցում հետևյալ թեմաներով՝ հանրային վերահսկողություն/մշտադիտարկում, քաղաքականությունների մշակում՝ հիմնված փաստերի վերլուծության վրա, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն և կոալիցիաների ստեղծում և զարգացում: Ուսուցումները հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հաջորդիվ հնարավորություն կունենան՝ դիմելու ծրագրային ենթադրամաշնորհների:
    Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 15-ից Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) իր կողմից ղեկավարվող կոնսորցիումով ԵՄ ֆինանսավորմամբ սկսել է իրականացնել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը: Կոնսորցիումի մյուս անդամներն են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (ՄԶՄԿ), «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությունը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն, և «Ագորա Սենթրըլ Յուրոփ» ՀԿ-ն՝ Չեխիայի Հանրապետությունից:
    Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ է հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
    Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը և այլ հարակից ոլորտներ, որոնք հատկորոշվում են ծրագրի նախապատրաստական փուլում: